Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հոգևոր հնազանդությունը խոնարհության և դատողության մայրն է

Հոգևոր հնազանդությունը խոնարհության և դատողության մայրն է
09.02.2018 | 00:43

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում «Քրիստոնեությունը և արդիականությունը» խորագրով սեմինար-հանդիպումների շարքը շարունակվում է: Սեմինար-հանդիպումների նպատակն է նպաստել երիտասարդների կրթական զարգացվածությանը, քրիստոնեական բարոյագիտության միջոցով ձևավորել արժեհամակարգ, վեր հանել և լուսաբանել անհատական և ընդհանրական կարևոր խնդիրներ, դրանց շուրջ ծավալել քննարկումներ և գտնել լուծման ուղիներ: Այդ սեմինարների ընթացքում քննարկվել է նաև քրիստոնյայի համար կարևոր հարցերից մեկը, թե ինչ է նշանակում հոգևոր դատողություն:
Սբ Գր. Տաթևացին, խոսելով սկզբունքների մասին, «Ոսկեփորիկ» գրքում նշում է, որ բոլոր բարիքներից կարևորագույնը սերն է, իսկ բոլոր շնորհների սկիզբը խոհականությունն է, որովհետև խոսքի և արհեստների մեջ մարդկանց հոգևոր և մարմնավոր բոլոր շնորհները նախ մտքում են մտածվում և երկարատև կշռադատումից լավի և վատթարի, օգտակարի ու վնասակարի ընտրությունից հետո միայն գոյանում են իմաստը և խոսքը կամ կատարյալ արվեստը, որ կատարյալ ծնունդն է խոհականության ընտիր ծնողի:


ՈՒշագրավ է, որ հատկապես ճգնակյաց սուրբ հայրերը հոգևոր կյանքում ամենից վեր դասում են հոգևոր դատողությունը: Այն Աստծո տված առանձնահատուկ պարգև է, որը մարդուն օժտում է Աստծու պատվիրանները կատարելու ունակությամբ, ինչպես ավելի լավ առաքինություններն իրագործել, Աստծո կամքին համապատասխան բարի գործ կատարել: Այս պարգևը տրվում է մեծ հոգևոր սխրանքներից հետո, սակայն դրան հնարավոր է հասնել հոգևոր հնազանդության ճանապարհով, որը, ինչպես սուրբ հայրերն ասում են, խոնարհության և դատողության մայրն է: Առանց հոգևոր դատողության մնացյալ առաքինությունները նմանվում են մեծ, գեղեցիկ առագաստանավի, սակայն առանց նավապետի: Եվ փոթորիկների ժամանակ այդ առագաստանավն առանց նավապետի ծովի հուժկու ալիքներից այս ու այն կողմ է տարուբերվում և անորոշության ու ժայռերին բախվելու վտանգի առջև կանգնում: Հետևաբար, հոգևոր դատողությունը կարևոր նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում: Հատկանշական է` թե՛ աղոթք, թե՛ պահք, թե՛ բարեգործություն և այլ բարի գործեր, առանց դատողության կարող են նույնիսկ վնաս հասցնել թե՛ դիմացինին, թե՛ ինքդ քեզ, քանի որ ծածուկ փառամոլությունը կամ մեկ այլ մեղավոր կիրք կարող են ներթափանցել մարդու սիրտը և բարի գործն անարժեք դարձնել հոգևոր կյանքում: Ինչպես օրինակ` սուրբ հայրերն ասում են, որ դևը մոտենում է մի ճգնավորի և ասում` եթե դու ծոմ ու պահք ես պահում ու պարծենում, ես ընդհանրապես չեմ ուտում, եթե դու գիշերները չես քնում ու քեզ կարողունակ ես զգում, ես ընդհանրապես չեմ քնում: Արդ, պարծենկոտությունը անարժեք և անպտուղ է դարձնում հոգևոր ջանքերը:


Առանց հոգևոր դատողության նույնիսկ սերը կարող է վերածվել արևելյան կրոններին հատուկ խոնարհության չարի հանդեպ կամ էլ փոխակերպվել ինչ-որ անորոշ, ցրված, անհիմն, սառը մարդասիրության:
Սերն առանց դատողության վերաբերյալ «Կրքեր և առաքինություններ» գրքում հայր Պաիսիոսը նշում է, թե ինչպես կարելի է շատակեր մարդուն համեղ ուտելիքներ տալ` իբրև սիրո հոգատարություն արտահայտելով: Ոչ թե նրան, այլ ախորժակ չունեցող մարդուն է անհրաժեշտ տալ համեղ ուտելիքներ, կամ ինչպես կարելի է շաքարախտով հիվանդ մարդուն քաղցրավենիք տալ, մի՞թե դա սեր է:


Սբ Հովհան Սինայեցին նշում է, որ հաճախ մեր թշնամիները մեզ մղում են մտածելու, թե մենք կարող ենք անել ավելին, քան մեր ուժերն են` այսպիսով մարդուն գցելով փորձության մեջ ու ծաղրի առարկա դարձնելով: Սակայն Աստված մարդուն գնահատում է ոչ թե նրա կատարած աշխատանքներով, այլ մարդու խոնարհության չափով: Երբ հոգևոր դատողությունը բացակայում է, այդժամ բոլոր բարի գործերը հայտնվում են մեր փրկագործության համար անպտուղ լինելու վտանգի մեջ: Հոգևոր դատողություն չունեցող մարդն իր ուժերի չափից ավելին է ձգտում անել. կամ այնպիսի խնդիր է փորձում լուծել, որն անհրաժեշտ չէ, և չի անում այն, ինչ անհրաժեշտ է և օգտակար. կամ անում է օգտակարն այնպես, ինչպես պատահի: Կամ էլ չի նկատում, որ իր բարի գործի ներքո թշնամին թաքնվում է և նրան հրում փառամոլության, շահամոլության, ինքնահավանության: Այս դեպքում կարող ենք նկատել, թե դրական ուժերն ու կարողությունները մարդիկ որքան են ապարդյուն վատնում` հոգևոր պտուղները կորցնելով հավերժական կյանքի համար: Եվ նույնիսկ աղոթքից ու պահքից են վնասվում` չունենալով հոգևոր դատողություն, այլ իրականում լինում ամբարտավան` անկարող լինելով խոնարհաբար ստուգելու իրենց ուժերի ու կարողությունների չափը, ցուցաբերելով անխոհեմություն:


Պատմում են, որ մի վանական այնպիսի հեզություն էր ցուցաբերում, որ բոլորը զարմանում էին, որովհետև կարողանում էր հեզ և լուռ տանել իր հանդեպ բոլոր անարդարացի պարսավանքները, հանդիմանությունները, վիրավորանքները: Եվ մի անգամ մի հոգևորական հարցնում է, թե ինչպես է քեզ հաջողվում այդպիսի հեզություն ցուցաբերել, համբերել և այդքան անարդարացի պարսավանքներին չպատասխանել: Վանականն ինքնահոգ ու հպարտ պատասխանում է՝ ես բոլորին արհամարհում եմ, որովհետև բոլորն արհամարհելի արարածներ են: Տեսնու՞մ եք, թե հոգևոր դատողություն չունեցող մարդն ուր է հասնում. նույնիսկ իր հեզությունը դառնում է ծածուկ հպարտության բույն, այլ ոչ թե խոնարհության պայծառ հոգու կանթեղ: Եվ ինչպիսին մեր հոգևոր կյանքի վիճակն է, այդպիսին էլ մեր հոգևոր դատողությունն է:


Սրբակյաց Հովսեփ Վատոպեդացին նշում է, որ մեր հայրերը դատողությունը համարում են բոլոր առաքինություններից վեր: Մենք չենք սխալվի, եթե այն առաջին տեղում համարենք՝ որպես Աստծո տված պարգև: Հոգևոր դատողությունը ողջամիտ և անսխալ դատողություն է հասկացությունների և իրերի վերաբերյալ, որոնք համընկնում են ժամանակի, միջոցների, վայրի, հանգամանքների հետ և ծառայում ուսանելի լինելու համար: Այսօրինակ դատողությունը հնարավոր հետևանքների կանխատեսումն է` խուսափելու ապագա վտանգներից: Այն մտքի բազմակողմանի խորաթափանցություն է, որի միջոցով առողջ միտքը կռահում է ապագա իրադարձությունների ընթացքը:
Հոգևոր դատողության մասին Հովսեփ Վատոպեդացին խոսելիս առանձնացնում է մի օրինակ, երբ մի քանի մարդ գործում է միևնույն արարքը: Հոգևոր դատողության լույսի ներքո տվյալ արարքի գնահատականների տարբերությունն ակնհայտ է: Չորս հոգի սահմանված ժամանակից շուտ ուտելիք է ուտում: Առաջինն ուտում է, որովհետև սոված էր, երկրորդը՝ բժշկի խորհուրդն է կատարում և ուտում, երրորդն ուտում է, որովհետև ուտելիքը համեղ է թվում և ցանկության գայթակղությանը չի դիմանում: Իսկ չորրորդին դուր էր գալիս անժուժկալ և քմահաճ կյանք վարելը, դրա համար էլ ուտում է: Մի՞թե կարելի է միևնույն գործողությունը, արարքը կատարած չորս անձանց միևնույն գնահատականը տալ:


Սուրբ հայրերն ասում են, որ հոգևոր դատողությունը տրվում է նրան, ով ձգտում, գործում և աշխատում է այդ ուղղությամբ: Կարդում է Սուրբ գիրքը, սուրբ հայրերի երկերը, ձգտում ապրել հոգևոր կյանքով, հրաժարվել հին, մեղավոր կենցաղից և դառնալ նոր մարդ (Եփես. 4.22-24), ձգտում է կատարել պատվիրանները, ընթանում է հոգևոր խոնարհության և սիրո ճանապարհով, պայքարում է մեղավոր կրքերի դեմ: Արդ, հոգևոր դատողությունը ծնվում է հոգևոր խոնարհությունից, ինքնաքննումից, հեզությունից, սթափությունից, աղոթական կյանքից, հոգևոր կենցաղավարությունից: Այսպիսով, այս դատողությունը յուրահատուկ աստվածային պարգև է, հոգևոր բանականություն, առաքինություն, որը զանազանում է բարին և չարը, ընկալում է Աստծո կամքը, հասկանում է, թե յուրաքանչյուր իրավիճակում ինչպես Աստծո կամքին համապատասխան գործել և կարողանալ զերծ լինել մեղքից Աստծո շնորհի միջոցով: Սուրբ հայրերը նշում են, որ մարդու հոգևոր դատողությունը վերականգնվում է մտքի մաքրագործման շնորհիվ, որը հոգևոր տեսողություն է:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2505

Մեկնաբանություններ